Շարժումը ինքնախայտառակվեց, մեծ կոմպրոմատներ կան․ աշնանը ևս ապագա չունեն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը հետո վերանվանվեց «Սրբազան պայքարի», հայտարարեց ամառային ընդմիջման գնալու մասին. կվերադառնան սեպտեմբերին։


Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ շարժումը հասկացել է, որ շանսեր չունի, ու Երևանի փողոցներում թափառելը կլիներ շարժման վախճանի արձանագրումը սեփական ձեռքերով։ Այդ պատճառով այս կերպ փորձում են քողարկել։ «Շարժումը պառակտված է նաև վերևում։ Նաև դա է քողարկվում, որպեսզի ակնհայտ չդառնա, որ շարժման միասնություն այլևս գոյություն չունի»,- ասաց Սաֆարյանը։


Շարժումն, ըստ նրա, որդեգրել էր հակասահմանադրական օրակարգ։


Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի՝ Սարյան փողոցում արած հայտարարությունը՝ նշելով, որ Պետրոսյանը խոստովանել է, որ իրենք «դրսի» հետ սինխրոն աշխատում են, որ աշնանը կլինեն որոշակի տարածաշրջանային զարգացումներ, և դա կհեշտացնի թուլացած իշխանությունից իշխանությունը ճանկելը։ Իսկ Պետրոսյանի՝ ձայնագրությունների մասին հայտարարություններին անդրադառնալով՝ Սաֆարյանն ասաց. «Շարժումը հասցրել է իր դեմ այնքան կոմպրոմատներ հավաքել... եթե այդքան սրբապիղծ բաներ են արվել, այնպիսի ինֆորմացիա կա, որը կարող է վնասել այդ շարժմաը, ինչո՞ւ եք այդ շարժումն անվանել «սրբազան շարժում»։ Ո՞նց կարող է սրբապիղծ գործունեությունը վարագույրից անդին այնպիսի բաներ խոսի, որը կոմպրոմատ լինի ձեր վրա»։


Շարժումը, ըստ քաղաքագետի, հայտնվել է փակուղային իրավիճակում։ Սաֆարյանի կարծիքով՝ ընդդիմադիրները չեն հաջողի նաև սեպտեմբերին։


«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բավականին իմաստուն գտնվեց՝ հասկանալու համար, որ այս շարժումը լուրջ վտանգ է ստեղծում պետականության համար։ Ես վստահ եմ, որ այդ իմաստնությունը հասարակությանը չի լքի։ Գաղտնիք չկա՝ թող իշխանության մեջ եղած ցանկացած անձ հասկանա, որ երկրում դեմոկրատական կայունությունը պահպանվել է ժողովրդի իմաստնության շնորհիվ»։